Հուլիսի 6-24-ին Հայաստանում առաջին անգամ կմեկնարկի Երևանյան միջազգային կիթառի փառատոնը: Նախատեսվում են մեծ թվով միջազգային և հայկական պրեմիերաներ, այդ թվում՝ Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» («Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանի համար: Տեղի կունենան բազմաթիվ համերգներ և վարպետության դասեր:
Փառատոնի հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսիներիի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ): Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը՝ հուլիսի 6-ին, ժամը 19:00-ին: